Փեզեշքիանի այցի ընթացքում Իրանը և Օմանը վերահաստատել են երկկողմ կապերն ընդլայնելու վճռականությունը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Օման կատարած պետական այցի ընթացքում երկու երկրներն ընդգծել են տնտեսական գործընկերության նոր ուղիներ բացելու, առևտուրը և ներդրումներն ավելացնելու հարցում մասնավոր հատվածին աջակցելու, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային համակարգումը պահպանելու իրենց հանձնառությունը։ Ինչպես տեղեկանում ենք իրանական Tasnim գործակալությունից, այս մասին նշվել է այցի ավարտին հրապարակված հաղորդագրության մեջ։
Համատեղ հայտարարության մեջ նշվել է, որ այցը նպատակ ուներ ամրապնդել երկկողմ ամուր կապերը և ընդգծել երկու ազգերի առաջնորդների և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքը՝ հիմնված եղբայրության, հավատքի և բարիդրացիության սկզբունքների վրա։
Մասկատում պաշտոնական քննարկումների ընթացքում Օմանի սուլթան Հայթամ բին Տարիկը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը գոհունակություն են հայտնել համագործակցության ներկայիս մակարդակի առնչությամբ՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների խորացման և տնտեսական գործընկերության նոր ուղիներ բացելու կարևորությունը:
Կողմերը նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Գազայի հատվածի ճգնաժամը՝ կոչ անելով լիակատար և մշտական հրադադար հաստատել և «դադարեցնել Իսրայելի օկուպացիոն ուժերի կողմից պաղեստինյան ժողովրդի նկատմամբ կիրառվող ճնշումներն ու բռնությունները»։ Նրանք կոչ են արել միջազգային հանրությանը մարդասիրական օգնություն ցուցաբերել Գազայի անպաշտպան բնակիչներին և դատապարտել են բնակիչների տեղահանմանն ուղղված բոլոր ծրագրերը։
Նախագահ Փեզեշքիանը բարձր է գնահատել Օմանի կառուցողական դերը Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջուկային հարցերի վերաբերյալ անուղղակի բանակցությունների խթանման գործում։ Ի պատասխան՝ Օմանի սուլթանը հույս է հայտնել, որ բանակցությունները կհանգեցնեն փոխադարձ համաձայնության, որը կամրապնդի տարածաշրջանային և միջազգային խաղաղությունը, բարգավաճումը և կայունությունը։
Նախագահ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Սուլթան Հայթամ բին Տարիկին և Օմանի կառավարությանն ու ժողովրդին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և պաշտոնապես հրավիրել է սուլթանին այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչը ջերմորեն ընդունվել է նրա կողմից։