չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Պավել Դուրովը պատմել է, ինչու բջջային հեռախոս չի օգտագործում

Պավել Դուրովը պատմել է, ինչու բջջային հեռախոս չի օգտագործում

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ չի օգտվում բջջային հեռախոսից, քանի որ այն շեղում է ուշադրությունն ու վնասում անվտանգությանը։

«Ես կանոնավոր կերպով հեռախոս չեմ օգտագործում, հավատացեք։ Ունեմ հեռախոս, բայց չեմ օգտագործում։ Այն շեղում է ուշադրությունը, նաև կարծում եմ, վնասում է  գաղտնիությանը»,-ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում նշել է նա։

Դուրովի խոսքով, անհրաժեշտության նախընտրում է օգտագործել իր նոութբուքը կամ iPad-ը։

Telegram-ի հիմնադիրը նաև ասել է, որ դեռևս ստիպված է մնալ Ֆրանսիայում՝ ճանապարհորդության սահմանափակումների և ընթացող հետաքննության պատճառով։ Դուրովը ձերբակալվել էր Փարիզի օդանավակայանում։ Ֆրանսիայի իշխանությունները Telegram-ը կապում են նարկոդիլերության ու այլ հանցագործությունների հետ։ Նրան սպառնում էր կալանք, սակայն դատարանը Դուրովին ազատ է արձակել 5 միլիոն եվրո գրավի դիմաց՝ Ֆրանսիայից դուրս գալու արգելքի և շաբաթը երկու անգամ ոստիկանություն պարտադիր ներկայանալու պայմանով։

Նրան 12 մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ մանկական պոռնոգրաֆիայի տարածման հանցակցություն, թմրանյութերի ապօրինի շրջանառություն և խարդախություն։ Փաստաբանն այդ մեղադրանքները անվանել է «աբսուրդ»՝ ընդգծելով, որ Դուրովը չի կարող պատասխանատու լինել Telegram-ի օգտատերերի գործողությունների համար։

  • Կիսվել: