Փարիզում ցույցի ժամանակ արցունքաբեր գազ է կիրառվել. կան ձերբակալվածներ
Այսօր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ 22 մարդ է ձերբակալվել, հայտնել է երկրի Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը, տեղեկացնում է ria.ru-ն։
Նշենք, որ այսօր ՛՛Գլոբալ անվտանգության մասին՛՛ օրինագծի 24-րդ հոդվածի դեմ զանգվածային ակցիայի ժամանակ ցույցի մասնակիցները ոստիկանների վրա քարեր են նետել, ինչին ի պատասխան՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։
Նշվում է նաև, որ ցուցարարները Փարիզում ավտոմեքենաներ են հրկիզել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է «Գլոբալ անվտանգության մասին» օրինագիծը, որի 24-րդ հոդվածը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք՝ ՛՛ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանության աշխատակիցների լուսանկարը տարածելու համար, որը նպատակ է հետապնդում վնաս հասցնել նրանց ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիությանը՛՛:
Բազմաթիվ ֆրանսիացիներ մտահոգված են, որ օրինագիծը կարող է լուրջ վնաս հասցնել խոսքի ազատությանը: