ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Նոր մանրամասներ Հնդկաստանում 242 մարդու տանող ինքնաթիռի կործանումից

Նոր մանրամասներ Հնդկաստանում 242 մարդու տանող ինքնաթիռի կործանումից

Լոնդոն մեկնող Air India ավիաընկերության Boeing 787-8 Dreamliner ինքնաթիռի կործանումից հետո Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով օդանավակայանի խոսնակին։ 

Ըստ համացանցում տարածված տեսանյութերի՝ 242 մարդու տանող ինքնաթիռի կործանման վայրից սև թանձր ծուխ է բարձրանում։

Ինքնաթիռն Ահմեդաբադից վերելք է կատարել տեղական ժամանակով 13։38-ին և ուղղություն վերցրել դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան, ուր պետք է ժամաներ տեղական ժամանակով 18։25-ին։ 

Րոպեներ անց ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռից դադարել են տվյալներ ստանալ, երբ այն գտնվում էր 190 մ բարձրության վրա։ 

Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի տնօրենների խորհրդի ղեկավար Ֆայիզ Ահմեդ Քիդվայը The Associated Press-ին հայտնել է, որ ինքնաթիռն ընկել է Մեղանի Նագար կոչվող բնակելի տարածքում։ 

Գուջարաթի նահանգի պետնախարարը հայտարարել է, որ պաշտոնյաներին հրահանգվել է իրականացնել անհապաղ որոնողափրկարարական աշխատանքներ և այնպիսի գործողություններ ձեռնարկել, ինչպիսիք պատերազմի պատրաստվելիս։ 

Պետնախարարը նաև ասել է, որ հրահանգվել է «կանաչ միջանցք» կազմակերպել՝ վիրավոր ուղևորներին հիվանդանոցներ հասցնելու համար։

Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ Միացյալ Թագավորությունն աշխատում է Հնդկաստանի իշխանությունների հետ՝ անհապաղ պարզելու ինքնաթիռի կործանման հետ կապված փաստերը և աջակցություն ցուցաբերելու տուժածներին։ 

Օդանավում գտնվել է 230 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։ Air India ավիաընկերությունը X սոցիալական հարթակում հաղորդել է, որ օդանավում գտնվող ուղևորների թվում էր 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի, 1 կանադացի։ 

Զոհերի և վիրավորների մասին որևէ տվյալ առայժմ չի հաղորդվել։

 

  • Կիսվել: