չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ներողություն խնդրելն ու սիրաշահելը բավարար չեն. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասին

Ներողություն խնդրելն ու սիրաշահելը բավարար չեն. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասին

Ռուսաստան վերադառնալու համար արևմտյան ընկերությունների ներողությունը բավարար չի լինի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Գործարար Ռուսաստան» կազմակերպության XX համագումարի ժամանակ նա, մասնավորապես, նշել է. «Այնտեղ ինչ-որ մեկը գումար է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին… Ալեքսեյը («Գործարար Ռուսաստան» կազմակերպության ղեկավար Ալեքսեյ Ռեպիկ-խմբ.) ասում է` նրանք պիտի ներողություն խնդրեն։ Օ՛, ո՜չ։ Դա հաստատ բավարար չէ, նրանք հիմա այնքա՜ն են ներողություն խնդրելու… Ես շատերի հետ տասնամյակներով եմ շփվել։ Նրանք լուրջ, գրագետ, պրագմատիկ և նպատակասլաց մարդիկ են, իրական մրցակիցներ… Եթե նրանց պետք է ներողություն խնդրելով և սիրաշահելով վերադառնալ, դա բավարար չէ, մենք պետք է բոլոր հարցերին նայենք պրագմատիկ տեսանկյունից` ձեռնտո՞ւ է մեզ՝ ներս կթողնենք, իսկ եթե ոչ, հազար պատճառ կգտնենք, որ չգան։ Եվ այդ հազարի շարքում 999-ը ճշգրտորեն կհամապատասխանի ԱՀԿ պահանջներին, վստահեցնում եմ ձեզ»:

Պուտինը միևնույն ժամանակ նաև ասել է, որ որոշ ընկերություններ ստիպված են եղել լքել ռուսական շուկան, քանի որ նրանց վրա ճնշում է գործադրվել «օվկիանոսի այն կողմից»։ Պուտինը կառավարությանը խնդրել է դա նկատի ունենալ, եթե նման ընկերությունները ցանկանան վերսկսել աշխատանքը ՌԴ-ում:

Խոսելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառողներին, Պուտինն ընդգծել է, որ նրանք իրենք իրենց են վնասում:

  • Կիսվել: