չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Նաթանզի օբյեկտում ռադիոակտիվ աննշան աղտոտում է տեղի ունեցել․ Գրոսի

Նաթանզի օբյեկտում ռադիոակտիվ աննշան աղտոտում է տեղի ունեցել․ Գրոսի

Նաթանզի իրանական միջուկային օբյեկտի պաշտպանիչ պարագծի ներսում գրանցվել է ֆոնային ճառագայթման փոքր գերազանցում, սակայն բնակչության կամ շրջակա միջավայրի համար սպառնալիք չկա։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին Bloomberg Television-ի եթերում։

«Ամենաշատ վնասված համարվող Նաթանզի օբյեկտի պարագծի ներսում աննշան ռադիոակտիվ աղտոտում է եղել։ Բնակչությանն անմիջական վնաս չի հասցվել», - նշել է նա։

ԱԷՄԳ-ի ղեկավարը նաև ընդգծել է, որ ռազմական գործողությունների ինտենսիվության աճի հետ մեկտեղ կարող են աճել շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման ռիսկերը: Նա հավելել է, որ տեղեկացրել է հակամարտության բոլոր կողմերին, ինչպես նաև Պարսից ծոցի երկրներին և Միացյալ Նահանգներին միջուկային օբյեկտներին հարվածելու անթույլատրելիության մասին, քանի որ հետևանքները կարող են անդառնալի լինել: 

Գրոսին նաև ընդգծել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հասցված վնասի չափերի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չունի: Նա նշել է, որ ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները դեռևս Իրանում են և ստուգումները կսկսեն հնարավորինս շուտ:

Գրոսին նախկինում հայտարարել էր, որ Իսրայելի հարվածներից ամենաշատը տուժել է Նաթանզի օբյեկտը, որտեղ վերգետնյա ուրանի հարստացման օբյեկտն ամբողջությամբ ոչնչացվել է, գրեթե լիովին վնասվել են էլեկտրական ենթակայանները, բաշխիչ սարքավորումները և էլեկտրական ենթակառուցվածքները։

Իսրայելը հունիսի 13-ին հարվածներ է հասցրել Իրանին՝ հայտարարելով, որ թիրախավորում է Իրանի միջուկային ծրագիրը և բալիստիկ հրթիռների ծրագիրը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել։ Կողմերի միջև արդեն վեց օր է՝ փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իրանը զոհերի պաշտոնական թիվ է հայտնել հունիսի 16-ին՝ նշելով 224 զոհի մասին, որոնց թվում կան 45 կին և երեխա։ Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից 24 զոհի մասին։ 

 

  • Կիսվել: