Մոսկվայում չեչեն ուժայինների կողմից առևանգված հայ գործարարը մահմեդականներից «ներողություն է խնդրել» և ազատ արձակվել
Մոսկվայում՝ Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտակայքում մի խումբ տղամարդկանց կողմից առևանգված ազգությամբ հայ գործարար և բլոգեր Արեգ Շչեպիխինն ազատ է արձակվել։
Ռուսական Baza տելեգրամ ալիքի հետ զրույցում Արեգ Շչեպիխինն ասել է, որ իրեն առևանգումից հետո չեչեն ուժայինները ծեծի են ենթարկել, ստիպել են ներողություն խնդրել չեչենների և մահմեդականների մասին նախկինում հրապարակված վիրավորական տեսանյութի համար։ Նրան երկար ժամանակ «հարցաքննել» են, ամբողջ զրույցը տեսագրել, ապա մեղադրել Ուկրաինայի հետ կապեր ունենալու մեջ։
Նշենք, որ ըստ ՌԴ Ներքին գործերի նախարարության՝ իրավապահները ձերբակալել են Մոսկվայի Յարոսլավսկի կայարանում հասարակական աղմուկ բարձրացրած իրադարձությունների 6 մասնակցի։
«Հունիսի 3-ի երեկոյան մայրաքաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Յարոսլավսկի երկաթուղային կայարանում հասարակական արձագանք առաջացրած իրադարձությունների վեց մասնակցի։ Նրանք տարվել են Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվա-Յարոսլավսկայա կայարանի քննչական բաժին»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեչնիայի ազգային քաղաքականության նախարար Ահմեդ Դուդաևն ավելի վաղ հայտնել էր, որ Չեչնիայի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում գործարար Արեգ Շչեպիխինի հետ կապված։ Ըստ նրա՝ հետաքննությունը տարվում է «հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու նպատակով կատարված հրապարակային գործողությունների և մի խումբ մարդկանց արժանապատվությունը նրանց ազգային պատկանելության և կրոնի հիման վրա նվաստացնելուն ուղղված գործողությունների» հիման վրա։