Մոսկվան պատրաստ է զարգացնել հարաբերությունները Թբիլիսիի հետ. Գալուզին
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ևս մեկ հայտարարություն է արել Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման առումով Ռուսաստանի պատրաստակամության մասին, գրում է aliq.ge-ն:
«Մենք պատրաստ ենք Թբիլիսիի հետ իրատեսական կապերը հետագայում ընդլայնել։ Ակնհայտ է, որ Վրաստանի հաջող զարգացման բանալին ոչ թե առճակատումն է, այլ մեր երկրի հետ համագործակցությունը», — ասել է դիվանագետը ռուսական պետական լրատվական TASS գործակալությանը տված հարցազրույցում։
Գալուզինը նաև խոսել է երկրների միջև երկկողմ քաղաքական շփումների բացակայության մասին.
«Պատճառն այն է, որ վրացական կողմը պատրաստ չէ նման երկխոսության։ Իհարկե, ինձ համար դժվար է դատել, թե որքանով այս որոշումը կօգնի Վրաստանին լուծել այս կամ այն խնդիրը, բայց դա նրա կառավարության որոշումն է»։
Փետրվարին Գալուզինը հայտարարել էր, որ Մոսկվան կոչ է անում Թբիլիսիին «մտածել դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու օգուտների մասին»։
Վրաստանը բացառում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի ռազմական օկուպացիայի պայմաններում։



