ՄԻԵԴ-ը մերժել է Մարին Լե Պենի հայցը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է Ֆրանսիայի «Ազգային միավորում» խմբակցության ղեկավար Մարին Լե Պենի միջնորդությունը՝ չեղյալ համարելու Ֆրանսիայի դատարանի որոշումը, որը զրկել էր նրան ընտրական իրավունքից: Այս մասին նշված է դատարանի մամուլի հաղորդագրության մեջ:
ՄԻԵԴ-ը բացատրել է, որ Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման որևէ նշան չի հայտնաբերել: Հայցը ներկայացվել է հուլիսի 8-ին։
Ավելի վաղ՝ մարտի 31-ին Փարիզի դատարանը Լե Պենին դատապարտել է չորս տարվա ազատազրկման՝ կեղծ խորհրդարանական օգնականների գործով: Նա երկու տարի պետք է անցկացնի էլեկտրոնային հսկողության տակ, մնացած տարիները՝ պայմանականորեն: Նա նաև զրկվել է ընտրովի պաշտոն զբաղեցնելու և ընտրություններին մասնակցելու իրավունքից հինգ տարի ժամկետով: Այս միջոցը ուժի մեջ է մտել անմիջապես և, ի թիվս այլ բաների, ազդում է նրա հնարավոր մասնակցության վրա 2027 թվականի նախագահական ընտրություններին: Լե Պենը պահպանում է իր մանդատը Ազգային ժողովում։
Լե Պենն ինքը դատավճիռը որակել է քաղաքական և վերաքննիչ բողոք է ներկայացրել, որն, ինչպես սպասվում է, կքննարկվի 2026 թվականին։
Ի աջակցության նրա հանդես են եկել Հունգարիայի և Իտալիայի առաջնորդներ Վիկտոր Օրբանը և Ջորջիա Մելոնին: Վերջինս հայտարարել է, որ որոշումը խախտում է միլիոնավոր քաղաքացիների ժողովրդավարական իրավունքները: Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին դատավճիռն անվանել է «Բրյուսելի կողմից պատերազմի հայտարարում»: