Մի՛ կարծեք, թե նախկին խորհրդային հանրապետությունները ձգտում են գնալ մեր ճանապարհով. Բելառուսի նախագահ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է Մոգիլյովշչինայի Փառքի թանգարան և ցավով նշել, որ Խորհրդային Միության ոչ բոլոր երկրներն են, որ Մոսկվայի և Մինսկի օրինակով «ինտեգրումն ընդլայնելու» ցանկություն ունեն: Այս մասին տեղեկացնում է Բելտան։
Նա, մասնավորապես, ասել է. «Մենք, կորցնելով մեր ավանդույթները, սկզբունքները, բարքերը, փլուզեցինք մեծ երկիրը։ Եվ այսօր յուրաքանչյուրն առանձին-առանձին դեսուդեն է ընկած, բացի Բելառուսից և Ռուսաստանից, որոնք, այնուամենայնիվ, քայլ են արել դեպի այդ միասնությունը։ Բայց մի՛ կարծեք, թե նույնիսկ նախկին խորհրդային հանրապետությունները ձգտում են գնալ մեր ճանապարհով։ Միության փլուզումից հետո մեր և նրանց միջև հեռավորությունը չափազանց մեծ է։
Բայց մենք պայքարում ենք։ Մենք օրինակ ենք ցույց տալիս։ Տնտեսապես փորձում ենք այդ ժողովուրդներին ներգրավել, մերձեցնել մեզ, որովհետև դրանք մեր ժողովուրդներն են, խորհրդային ժողովուրդները։ Նրանք նույնպես մասնակցել են այս պատերազմին և մեզ հետ հաղթել են»: