Մելոնին կրկին խնդրել է ինձ հետ լուսանկարվել. Թրամփ
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Ֆրանսիայում «Մեծ յոթնյակի» հանդիպման ժամանակ կրկին ու կրկին խնդրել է ինձ հետ լուսանկարվել։ Այս մասին Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ կասկածի տակ դնելով Մելոնիի պոպուլյարության մակարդակը։
Թրամփը, մասնավորապես, նշել է. «Ըստ նրա պոպուլյարության մակարդակի՝ Իտալիայում նրա գործերը վատ են ընթանում, հնարավոր է՝ այն պատճառով, որ նա մերժել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ այն երկրին, որն իսկապես սիրում և պաշտպանում է Իտալիան, երբ հարցը վերաբերում էր Իրանին միջուկային զենք ունենալը կամ ստեղծելը թույլ չտալուն (թեև, ի դեպ, նույնն արեց նաև ՆԱՏՕ-ն)։ Նա նույնիսկ մեզ թույլ չտվեց օգտվել իտալական թռիչքուղիներից, ինչը ստեղծում է լուրջ լոգիստիկ անհարմարություններ, և սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը ամեն տարի հարյուր միլիարդավոր դոլարներ է հատկացնում Իտալիայի և ՆԱՏՕ մյուս «այսպես կոչված» դաշնակիցների պաշտպանությանը։ Իսկ հիմա, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմական պարտության մատնեց Իրանին, նա ուզում է կրկին բարեկամանալ նրա հետ՝ «իր դիրքերն ամրապնդելու» համար։ Ո՛չ, շնորհակալություն»:
«Իմ ժողովրդականությունը կախված է Իտալիայի ազգային շահերը պաշտպանելու իմ կարողությունից, և ես միշտ հենց դա եմ արել», — ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատություններին պատասխանել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։
«Նախագահ Թրամփ, այս շարունակական, որևէ առիթով չհրահրված հարձակումներն անիմաստ են։
Հենց այդ պատճառով էլ նույն կերպ վարվեցի Իտալիայում ամերիկյան ռազմական բազաների հարցում։ Դրանց օգտագործումը կարգավորվում է համաձայնագրերով, որոնք մենք միշտ պահպանել ենք և որոնք չեն կարող խախտվել, քանի դեռ ես վարչապետ եմ։
Իտալիան մնում է ինքնիշխան պետություն։
Ամեն դեպքում, իմ ժողովրդականությունը ձեր գործը չէ։
Ես խորհուրդ կտայի կենտրոնանալ ձերի վրա»,– նշել է Իտալիայի վարչապետը:
Իտալիայի արտգործնախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է ԱՄՆ նախատեսված այցի չեղարկման մասին՝ ի նշան բողոքի վարչապետ Ջորջիա Մելոնիի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների դեմ։
Տայանիի խոսքով՝ ԱՄՆ առաջնորդի «կոպիտ և վիրավորական արտահայտությունները» «վիրավորում են ողջ Իտալիան»։ Այցը նախատեսված էր հունիսի 21–22-ին և պետք է ներառեր մասնակցություն Մայամիում իտալա-ամերիկյան համաժողովին, ինչպես նաև հանդիպումներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։



