Մեդվեդևն արձագանքել է Թրամփի՝ «Պուտինը կրակի հետ է խաղում» արտահայտությանը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին այն մասին, որ առանց նրա Ռուսաստանի հետ «իսկապես վատ բաներ» տեղի կունենային և որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «կրակի հետ է խաղում»:
«Ինչ վերաբերում Է Թրամփի այն խոսքերին, թե Պուտինը «կրակի հետ է խաղում» և «իսկապես վատ բաներ» կկատարվեին Ռուսաստանի հետ, ես գիտեմ միայն մեկ իսկապես վատ բան՝ երրորդ համաշխարհային պատերազմը: Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է նա X-ի իր էջում:
Նախօրեին Թրամփը սոցցանցային գրառման մեջ նշել էր.«Վլադիմիր Պուտինը չի գիտակցում, որ եթե ես չլինեի, Ռուսաստանի հետ արդեն շատ վատ բաներ կատարված կլինեին, և ես նկատի ունեմ իսկապես վատ բաներ: Նա կրակի հետ է խաղում»:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահը, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Ուկրաինային հասցված հարվածները, գրել էր, որ Պուտինը «խելագարվել է»: