ՄԱԿ-ում Իրանի դեսպանը բողոք է ներկայացրել ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի դեմ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: ՄԱԿ-ում Իրանի և Իսրայելի դեսպանները միմյանց մեղադրել են միջազգային իրավունքը խախտելու համար: Իրանը խոստացել է իրականացնել իր ինքնապաշտպանության իրավունքը, որքան դրա կարիքը լինի: Իսրայելի ներկայացուցիչն էլ հայտարարել է՝ իրենք կանգ չեն առնի, մինչև չվերանա Իրանի միջուկային սպառնալիքը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զսպվածության կոչ է արել և նախազգուշացրել՝ երկու երկրի միջև հակամարտության սրացումը կարող է բորբոքել կրակ, որն այլևս ոչ ոք չի կարող վերահսկել:
Իրանի դեսպանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին բողոք է ներկայացրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի դեմ: Նամակում Սայիդ Իրավանին քննադատել է Գրոսիի մոտեցումն Իրանի խաղաղ միջուկային գործունեության դեմ՝ նշելով՝ ժամանակն է վերջ դնել անգործությանը և քննադատել Իսրայելի գործողությունները: Գրոսին ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելի հարձակման պահին Իրանը միջուկային ռումբի ստեղծմամբ չէր զբաղվում: