հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Լոս Անջելեսի քաղաքապետը պարետային ժամ է հայտարարել. DW

Լոս Անջելեսի քաղաքապետը պարետային ժամ է հայտարարել. DW

Լոս Անջելեսի քաղաքապետ Քերեն Բասը հայտարարել է քաղաքի կենտրոնական հատվածներում պարետային ժամ սահմանելու մասին՝ փորձելով կանխել վանդալիզմն ու թալանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթային խուզարկումների դեմ շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին, գրում է DW-ն։

Պարետային ժամը կգործի քաղաքի կենտրոնի 2,5 քառակուսի կիլոմետրից մի փոքր ավելի տարածքի նկատմամբ՝ ներառյալ այն հատվածը, որտեղ ուրբաթ օրվանից մոլեգնում են բողոքի ցույցերը։ Լոս Անջելես քաղաքի տարածքը մոտավորապես 2295 քառակուսի կիլոմետր է։

Պարետային ժամը ուժի մեջ է մտնում երեքշաբթի 20:00-ից մինչև չորեքշաբթի՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 6-ը, ասել է Բասը։ Լոս Անջելեսի ոստիկանությունն էլ հայտարարել է, որ ձերբակալվել են տասնյակ մարդիկ՝ ցրվելու հրամանին չենթարկվելու համար:

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմն էլ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «զինվորական կարգուկանոն է պարտադրում» Լոս Անջելեսում։ Նա խոսել է նաև Թրամփի աճող ավտորիտարիզմի մասին՝ մեղադրելով ԱՄՆ նախագահին ժողովրդավարությունը խաթարելու համար։

Դեմոկրատ նահանգապետի հայտարարություններն արվել են, երբ Թրամփը հրամայել է զորքեր, այդ թվում՝ Ազգային գվարդիա և ծովային հետևակայիններ, տեղակայել երկրի երկրորդ ամենամեծ քաղաքում։

  • Կիսվել: