Կիևը ԱՄՆ-ին է ներկայացրել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի պայմանների ցանկը. Քելոգ
Միացյալ Նահանգները ստացել է հրադադարի հուշագիրը՝ պատերազմը դադարեցնելու պայմանների ցանկը, և ակնկալում է, որ Ռուսաստանը կտրամադրի նմանատիպ փաստաթուղթ, Fox News-ին ասել է Ուկրաինայի հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցությունները տեղի կունենան այն բանից հետո, երբ հուշագրի երկու տարբերակներում գտնվեն հնարավոր փոխզիջման կետեր. բանակցությունների վայրը կարող է լինել Ժնևը, ասել է Քելոգը։ Պաշտոնյան մանրամասնել է, որ Վատիկանը նույնպես ներկայացվել էր որպես բանակցային հարթակ, բայց ռուսական կողմն այն մերժել էր։
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ Ստամբուլում։
Նույն հարցազրույցում Թրամփի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնը մշակել է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու իր սեփական 22-կետանոց ծրագիրը. «Անկեղծ ասած, կարծում ենք, որ դա լավ ծրագիր է, որովհետև այն ոչ մի կողմին դուր չի գալիս»։
The Wall Street Journal-ն էլ գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է այս շաբաթ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը, քանի որ ավելի ու ավելի է դժգոհում Ուկրաինայի վրա ռուսական հարձակումներից։