շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Կիևի մարզում հուլիսի 25-ը հայտարարվել է սգո օր

Կիևի մարզում հուլիսի 25-ը հայտարարվել է սգո օր

Կիևի մարզում հուլիսի 25-ը հայտարարվել է սգո օր՝ նախորդ օրը Ռուսաստանի կողմից հրաձգարանի տարածքին հասցված հարվածից հետո, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Նշենք, որ հրաձգարանում այդ օրն անցկացվում էր սպառազինության ցուցահանդես։

Հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, շուրջ 100-ը տուժել են։ Զոհվածների թվում է Ուկրաինայի պետական պահպանության վարչության միջազգային համագործակցության և ռազմավարական հաղորդակցությունների բաժնի ղեկավար Վալենտինա Սավիցկան։

Բացի դրանից՝ Սումի քաղաքում «Նովայա պոչտա» լոգիստիկ ընկերության տերմինալի տարածքին անցած գիշերը Ռուսաստանի հասցրած հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են: 

Նշվում է նաև, որ Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքում հուլիսի 25-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են, հայտնել են տեղական իշխանությունները։ Նախօրեին Սլավյանսկում զոհվել էր 5 մարդ։

Ընդհանուր առմամբ, անցած գիշերը ռուսական զորքերը Ուկրաինայի վրա հարձակվել են Х-59/69 տիպի երկու կառավարվող ավիահրթիռներով և 157 հարվածային անօդաչու թռչող սարքերով, որոնցից 127-ը հաջողվել է խոցել։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ 26 ԱԹՍ-ի խոցում արձանագրվել է 9 վայրում։

Ինչպես հաղորդվում է՝ այսօր առավոտյան ռուս զինվորականները հրետակոծել են Խերսոնի Կենտրոնական և Կորաբելնի շրջանները։ Խերսոնի մարզի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը տելեգրամյան ալիքում գրել է, որ մեկ մարդ մահացու վիրավորում է ստացել։ Քաղաքի հինգ բնակիչ վիրավորվել են, որոնցից երկուսի վիճակը ծանր է։ Վնասվել են երեք բազմաբնակարան և հինգ առանձնատներ։

Զապորոժիեի վրա հարվածների հետևանքով տուժել է 10 մարդ: Քաղաքում հրդեհվել է առևտրի կենտրոնը։ Մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը տելեգրամյան ալիքում հայտնել է, որ մեկ կին զոհվել է։

Պոլտավայի մարզում էլ հրետակոծության տակ են հայտնվել 4 բենզալցակայան և հրշեջ կայան։

  • Կիսվել: