Խամենեին իր հիմնական լիազորությունները հանձնել է Հեղափոխական պահապանների գերագույն խորհրդին
Իրանի Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր հիմնական լիազորությունները հանձնել է Հեղափոխական պահապանների գերագույն խորհրդին: Այս մասին հայտնում է Iran Internatioal-ը։
Չնայած Իրանը պաշտոնապես պատերազմական դրություն չի հայտարարել, սակայն դատական համակարգի պաշտոնատար անձինք հաստատել են, որ երկիրը փաստացի գործում է արտակարգ պայմաններում: Լիազորությունների փոխանցումը դիտվում է որպես նախազգուշական միջոց՝ Խամենեիի սպանության դեպքում հրամանատարության շարունակականությունն ապահովելու համար։
Քայլը հաջորդել է այն հաղորդագրություններին, որ Խամենեին տեղափոխվել է Թեհրանի հյուսիս-արևելքում գտնվող Լավիզան քաղաքի ստորգետնյա բունկեր իր ընտանիքի անդամների հետ միասին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել էր, որ իրենք հստակ գիտեն Ալի Խամենեիի գտնվելու վայրը։
«Նա հեշտ թիրախ է, բայց ապահով է այնտեղ։ Մենք չենք պատրաստվում հեռացնել (սպանել) նրան, համենայնդեպս՝ ոչ հիմա»։ Բայց մենք չենք ցանկանում, որ հրթիռներ արձակվեն քաղաքացիական անձանց կամ ամերիկացի զինվորների վրա։ Մեր համբերությունը սպառվում է», - գրել էր ԱՄՆ նախագահը Truth Social հարթակում։
Այնուհետև Թրամփը ևս մեկ գրառում է արել. «Անվերապահ կապիտուլյացիա»։
Իսրայելն Իրանին հարվածներ է հասցրել հունիսի 13-ին՝ հայտարարելով, որ թիրախավորում է Իրանի միջուկային ծրագիրը և բալիստիկ հրթիռների ծրագիրը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել։ Կողմերի միջև արդեն վեց օր է՝ փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իրանը զոհերի պաշտոնական թիվ է հայտնել հունիսի 16-ին՝ նշելով 224 զոհի մասին, որոնց թվում կան 45 կին և երեխա։ Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից 24 զոհի մասին։