Խաղաղության մասին Հայաստանի պնդումներն անհամատեղելի են գործողությունների հետ․ Բաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
Բաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարություններին՝ նշելով, թե իբր «Հայաստանը պետք է հրաժարվել իր ռևիզիոնիստական հռետորաբանությունից և ընդունի իր պատմական պատասխանատվությունը»։ Խաղաղության մասին Հայաստանի պնդումներն անհամատեղելի են գործողությունների հետ։ Այս մասին հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
«Այդ փաստաթղթերի բովանդակությունը խեղաթյուրելու և պատմական փաստերը կեղծելու Հայաստանի փորձը խաղաղության գործընթացը խաթարելու և միջազգային հանրությանը մոլորեցնելու նրա ջանքերի ևս մեկ օրինակ է»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
«Ադրբեջանցիների վերադարձի իրավունքին ԻՀԿ աջակցությունը «տարածքային պահանջ» չէ, ինչպես դա անհիմն է ներկայացնում Հայաստանը, այլ արդարության և նրանց իրավունքների վերահաստատման կոչ»,-նշված է հայտարարության մեջ:
Հայաստանին Իսլամական համագործակցության կազմակերպության կոչը՝ անհապաղ վերացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտները, համընկնում է միջազգային հանրության՝ Հարավային Կովկասում կայունություն ապահովող լուծման սպասումների հետ։
Բաքուն մեջբերել է ԻՀԿ անդամ երկրների ընդունած բանաձևը։
Հիշեցնենք՝ Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանն ավարտվել է մի շարք բանաձևերի, այդ թվում՝ առաջին անգամ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքին վերաբերող բանաձևի ընդունմամբ։