Կալիֆոռնիայում բնակելի տներից մեկի վրա փոքր ինքնաթիռ է ընկել
Կալիֆոռնիայի Սիմի Վելի քաղաքում Van’s RV-10 փոքր ինքնաթիռ է կործանվել՝ ընկելով բնակելի տան տանիքին, տեղեկացնում է ABC News-ը։
Նշվում է, որ օդաչուն, որի ինքնությունը չի հաղորդվում, միակ մարդն է եղել ինքնաթիռում: Նա զոհվել է։
Վենտուրա շրջանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Էնդրյու Դաուդն ասել է, որ ինքնաթիռի ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել։ Ընկնելու պահին տանը բնակիչներ են եղել, նրանք չեն տուժել:
Հաղորդվում է նաև, որ դեպքի վայր է մեկնել 40 հրշեջ, որոնք մարել են կրակը։ Ինքնաթիռը օդ է բարձրացել Լանկաստերի Ուիլյամ Ջեյ Ֆոքսի օդանավակայանից և ուղղություն է վերցրել դեպի Կամարիլո օդանավակայան, հայտնում է ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը: