երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Իրաքի հյուսիսում PKK-ն լքել է ևս 14 ապաստարան

Իրաքի հյուսիսում PKK-ն լքել է ևս 14 ապաստարան

Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK), որը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում, նոյեմբերի 18-ին լքել է ևս 14 ապաստարան։ Սա Թուրքիայի նախաձեռնած՝ PKK-ի զինաթափման և հակամարտության ավարտին ուղղված գործընթացի շրջանակում հերթական քայլն է, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի անվտանգության աղբյուրների փոխանցմամբ՝ քուրդ զինյալները լքել են Հաքուրքի շրջանում գտնվող 14 ապաստարան, որոնք օգտագործվել են զինյալների տեղակայման և այլ նպատակներով։

Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ լքված տարածքներում գտնվող քարանձավներն ու ապաստարանները կդարձվեն օգտագործման համար ոչ պիտանի՝ դրանց հետագա օգտագործումը կանխելու նպատակով։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 8-ին, հայտնի էր դարձել , որ PKK-ն լքել է Իրաքի հյուսիսում՝ Մետինա և Բազե շրջաններում գտնվող ևս 4 ապաստարան։

Թուրքական մամուլը սա գնահատել է որպես առաջընթաց քրդերի զինաթափման գործընթացում։ Համոզմունք կա, որ այդ գործընթացի հաջող ավարտը կարող է նպաստել Թուրքիայի և տարածաշրջանի անվտանգության ու կայունության ամրապնդմանը, ինչպես նաև զինված հակամարտության վրա ծախսվող ռեսուրսների՝ երկրի զարգացմանն ու տնտեսական բարեկեցությանը ծառայեցնելուն։

  • Կիսվել: