երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Իտալիան Միջերկրական ծովում ստուգել է ռուսաստանյան «ստվերային նավատորմին» պատկանող տանկերը

Իտալիան Միջերկրական ծովում ստուգել է ռուսաստանյան «ստվերային նավատորմին» պատկանող տանկերը

Եվրոպական EUNAVFOR MED IRINI ռազմածովային առաքելության դրոշակակիր իտալական ITS Thaon di Revel նավը Միջերկրական ծովում ստուգում է անցկացրել Toa Payoh նավթատար տանկերի վրա:

Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ այն գտնվում է Եվրամիության պատժամիջոցների տակ՝ որպես, այսպես կոչված, ռուսաստանյան «ստվերային նավատորմին» պատկանող նավ։

Իտալիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ գործողությունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ի առավոտյան։ Դրա նպատակն էր ստուգել նավի ազգային պատկանելությունը և Կամերունի դրոշի օգտագործման օրինականությունը, որի ներքո տանկերը կատարում էր իր ուղերթը։

Toa Payoh-ը, իտալական կողմի տվյալներով, հուլիսի 16-ին դուրս է եկել Բենինի Կոտոնու նավահանգստից և ուղևորվում էր դեպի Ստամբուլ։ Նավը կասեցվել է միջազգային ջրերում՝ Պանտելերիա կղզուց արևմուտք։

Իտալիայի ՊՆ-ից հայտնել են, որ տանկերի նավապետը սկզբում չի ցուցաբերել պահանջվող համագործակցությունը։ Դրանից հետո ուղղաթիռից նավի վրա իջեցվել է իտալական ստուգող խումբը, որը կատարել է անհրաժեշտ ստուգումները։

Գործողությունը տևել է մոտ երկու ժամ և ավարտվել է առանց միջադեպերի։ Դրան մասնակցել են նաև հունական ռազմական նավ և լեհական ծովային ավիացիայի պարեկային ինքնաթիռ։

Ինչպես հաղորդվում է՝ Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոն շնորհակալություն է հայտնել զինծառայողներին պրոֆեսիոնալիզմի համար՝ ընդգծելով, որ գործողությունը դարձել է Միջերկրականում անվտանգության ապահովման և Եվրամիության ջանքերի իրականացման գործում Իտալիայի ներդրման հաստատումը։

Իտալական գերատեսչությունից հայտնել են, որ ստուգումն իրականացվել է միջազգային ջրերում՝ IRINI առաքելության մանդատի շրջանակում և ՄԱԿ-ի ծովային իրավունքի մասին կոնվենցիայի  110-րդ հոդվածին համապատասխան, որը որոշ պայմաններում ռազմական նավերին թույլ է տալիս ստուգել առևտրային նավերի ազգային պատկանելությունը։

Նշվում է, որ այժմ վերլուծվում են ստուգման ընթացքում հավաքված փաստաթղթերն ու տեղեկատվությունը:

  • Կիսվել: