Իսրայելը կթույլատրի մարդասիրական օգնության մուտքը Գազա՝ ինտենսիվ ռազմական գործողություններին զուգահեռ
Իսրայելական բանակը շարունակում է ռմբակոծություններն ամբողջ Գազայի հատվածում։ Բժշկական աղբյուրները հայտնել են, որ մայիսի 19-ի լուսաբացից ի վեր պաղեստինյան անկլավում Իսրայելի հասցրած ավիահարվածների հետևանքով զոհվել է 28 մարդ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Նշվում է նաև, որ իսրայելական ուժերը շրջապատել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիա շրջանի ինդոնեզական հիվանդանոցը և կրակ բացել, ինչի հետևանքով կորել է կապը ներսում գտնվող բժշկական անձնակազմի և հիվանդների հետ։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի ճնշման տակ Իսրայելի քաղաքական և անվտանգության խորհուրդը որոշել է անհապաղ վերսկսել մարդասիրական օգնության տրամադրումը Գազայի հատված։
The Jerusalem Post-ը, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներից մեկին, հաղորդել է, որ Գազա օգնության մատակարարումը ժամանակավոր միջոցառում է, որը կտևի մեկ շաբաթ՝ մինչև անկլավում օգնության նոր բաշխման կենտրոնների գործարկումը։
Պաշտոնյայի խոսքով՝ այդ կենտրոնների մեծ մասը կգտնվի Գազայի հարավային հատվածում՝ Իսրայելի պաշտպանության բանակի վերահսկողության ներքո և կկառավարվի մասնավոր ամերիկյան ընկերությունների կողմից։
Տեղեկությունների համաձայն՝ Իսրայելը կվերահսկի մարդասիրական օգնության բաշխումը, որպեսզի օգնությունը չհասնի ՀԱՄԱՍ-ի անդամներին։
Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 53 339 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է 121 034-ը:
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։