երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի՝ Թուրքիայից կազմակերպված, տասնյակ հարձակումների կանխման մասին

Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի՝ Թուրքիայից կազմակերպված, տասնյակ հարձակումների կանխման մասին

Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայությունը (Շին Բեթ) հայտարարել է Արևմտյան ափում տասնյակ ահաբեկչական հարձակումների կանխման մասին, որոնք, ըստ գերատեսչության տվյալների, համակարգվում էին Թուրքիայից ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից, հայտնում է The Times of Israel-ը։

Շին Բեթի հայտարարության մեջ նշվում են Թուրքիայում տեղակայված ՀԱՄԱՍ-ի այսպես կոչված «Արևմտյան ափի շտաբի» մի քանի անդամներ՝ կառույցի, որը պատասխանատու է Արևմտյան ափում և երկրի ներսում Իսրայելի դեմ ահաբեկչական գործունեության կազմակերպման և առաջխաղացման համար։

Իսրայելական հատուկ ծառայության տվյալներով, երկար տարիների ընթացքում, իսկ հատկապես վերջին մեկ տարում, այս ստորաբաժանման ներկայացուցիչները Թուրքիայի տարածքից համակարգել են լայնածավալ գործունեություն։ Խոսքը ահաբեկչական հարձակումների կատարողների հավաքագրման, ինչպես նաև հարձակումներին աջակցելու համար զենքի և դրամական միջոցների տեղափոխման մասին է։

Շին Բեթը պնդում է, որ Արևմտյան ափում ՀԱՄԱՍ-ի գործունեության ղեկավարն է Ստամբուլում բնակվող խմբավորման բարձրաստիճան ներկայացուցիչ Զահեր Ջաբարինը։ Գերատեսչության տվյալներով, տարածաշրջանում կազմակերպության ռազմական թևը գլխավորում է Այման Աբու Խալիլը։

Իսրայելի անվտանգության ծառայությունը նաև թվարկել է Թուրքիայում բնակվող կառույցի այլ անդամների։ Նրանց թվում են Այման Շարավնան, որը, ինչպես պնդվում է, զբաղվել է զինյալների հավաքագրմամբ, Մուհամմադ Մալլահը, որը ժամանակի մի մասը նույնպես բնակվում է Կատարում և պատասխանատու էր ահաբեկչական գործունեության համար միջոցների փոխանցման հարցում, Մաջեդ Ջաաբան, որը, ըստ Շին Բեթի վարկածի, օգնել է 2023 թվականի նոյեմբերին Երուսաղեմի մերձակայքում գտնվող անցակետում հրաձգության ժամանակ օգտագործված զենքի ապահովման գործում, Վալիդ Աբու Նասարը, որը ֆինանսավորել է Բեթղեհեմում ՀԱՄԱՍ-ի ցանցը, ինչպես նաև Սալամ Յաիշը, որը զբաղվել է հարձակումների կատարողների հավաքագրմամբ։

Շին Բեթը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի նշված ներկայացուցիչները «անարգել գործում են Թուրքիայի տարածքից» և այնտեղ ստեղծված ենթակառուցվածքն օգտագործում են Արևմտյան ափում գտնվող ահաբեկչական բջիջներին հրահանգներ և ֆինանսներ փոխանցելու համար։

  • Կիսվել: