Իսրայելը Գազայի մի քանի շրջաններում տարհանման հրաման է արձակել, անկլավում կան նոր զոհեր
Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա Իսրայելի օդային և հրետանային հարվածների հետևանքով մայիսի 30-ի լուսաբացից ի վեր զոհվել է 13 պաղեստինցի, այսպիսով, վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։
Իսրայելի թիրախում են հայտնվել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա ան-Նազլա բնակավայրը և Խան Յունիս ու Ռաֆահ քաղաքները։
Արևմտյան ափի մի շարք քաղաքներում և ավաններում իսրայելական ուժերը ձերբակալություններ են իրականացնել։
Մյուս կողմից, Իսրայելը տարհանման նոր հրաման է տվել Հյուսիսային Գազայի Ջաբալիա ալ-Բալադ և ալ-Աթատրա շրջաններում, ինչպես նաև Գազա քաղաքի Շուջայյա, ադ-Դարաջ և ազ-Զեյթուն թաղամասերում:
Տեղեկությունների համաձայն՝ Գազայի հատվածի շուրջ 2,4 միլիոն բնակչությունից մոտ 1,5 միլիոնը անօթևան են մնացել պատերազմի ժամանակ ավերված իրենց տներից զրկվելու արդյունքում։
Իր հերթին, Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը հայտարարել է Գազա ներխուժելու և ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու անհրաժեշտության մասին։
«Ժամանակն է մուտք գործել Գազա մեր ողջ ուժով՝ ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու և պարտության մատնելու համար», - ասել է նա։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 54 249-ի, վիրավորվել է 123 492 մարդ։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։