Իրանը շնորհակալ է Հայաստանին և հայ ժողովրդին՝ դժվար օրերին Թեհրանին ցուցաբերած աջակցության համար. Սոբհանի
Թեհրանը շնորհակալ է Իրանի համար դժվարին օրերին Հայաստանի ցուցաբերած աջակցության համար, և գնահատում է հայ ժողովրդի ու Հայաստանի կառավարության դիրքորոշումը։
Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ նկարագրելով հայ-իրանական փոխհարաբերությունները Թեհրանի ու Թել Ավիվի միջև ռազմական գործողությունների ժամանակ։
«Հայաստանի ժողովուրդն իր միաբանությունը և աջակցությունը ցուցաբերեց մեր երկրի նկատմամբ, ինչ համար շնորհակալություն ենք հայտնում։ Շնորհակալ ենք նաև Հայաստանի կառավարությանը այս օրերի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Ընկերներին ճանաչում են ուրախության և տխրության մեջ»,-շեշտել է դեսպան Սոբհանին։
Նա նաև հիշեցրեց, որ Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակումը դատապարտվել է նաև Հայաստանի կողմից, ինչ համար ևս Թեհրանը շնորհակալ է։
«Հայկական կողմն արտահայտեց հստակ դիրքորոշում՝ դատապարտելով Իրանի դեմ Իսրայելի ագրեսիան։ Մենք ականատես ենք եղել հայ ժողովրդի միասնական և հոգևոր աջակցությանը՝ Իրանի ժողովրդի համար այս դժվարին ժամանակահատվածում»,-ասել է Մեհդի Սոբհանին։
Դեսպանը նաև վստահեցրել է, որ Հայաստանի հետ բոլոր համատեղ նախագծերը շարունակվում են։ Նա նշել է, որ անգամ Իրանի համար այդ բարդ օրերին ինքը հանդիպել է իրանական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք իրականացնում են իրենց նախագծերը Հայաստանում և կոչ է արել նրանց շարունակել գործունեությունը նույն տեմպերով։
«Իրանում իրավիճակը ներկայում կարգավորվել է, բոլոր աշխատանքներն իրականացվում են բնականոն հունով։ Ես լիահույս եմ, որ այսօրվանից Հայաստանի հետ օդային հաղորդակցությունը նույնպես կվերականգնվի»,-ընդգծել է դեսպանը։
Վերջինիս բնորոշմամբ՝ Իրանի և Հայաստանի փոխհարաբերությունները որևէ պահի չեն դադարել, և երկրների միջև փոխադարձ այցելությունները նույնիսկ ավելի են ակտիվացել։