Իրանը պատրաստ է հարաբերությունները զարգացնել եվրոպական բոլոր երկրների հետ. Արաղչի
Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է Եվրոպայի պետությունների, մասնավորապես Իտալիայի Հանրապետության հետ հարաբերությունների ամրապնդման և զարգացման պատրաստակամության մասին՝ փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի սկզբունքների հիման վրա։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
Նշվում է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այդ դիրքորոշումը հայտնել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Ռիկարդո Գուարիլիայի հետ հանդիպմանը, որը Թեհրան է ժամանել երկու երկրների միջև քաղաքական խորհրդակցությունների հինգերորդ փուլին մասնակցելու համար։
Բանակցությունների ընթացքում Արաղչին ընդգծել է, որ Թեհրանը բարձր է գնահատում Իրանի և Իտալիայի միջև պատմականորեն բարեկամական կապերը, որոնք ընդգրկում են լայն սպեկտրի փոխգործակցություն քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։
Արաղչին նշել է, որ Իսլամական Հանրապետությունը նպատակադրված է ընդլայնելու երկխոսությունը և համագործակցությունը Եվրոպայի տարբեր երկրների, հատկապես Իտալիայի հետ՝ ինքնիշխանության հարգման և փոխադարձ շահերը հաշվի առնելու պայմանով։
Նա նաև ընդգծել է կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների կարևորությունը՝ որպես կողմերի դիրքորոշումների ավելի խորն ըմբռնման, ինչպես նաև երկկողմ գործընկերության, տարածաշրջանային կայունության և գլոբալ անվտանգության ամրապնդման խթանման արդյունավետ մեխանիզմ։
Իր հերթին, Ռիկարդո Գուարիլիան գոհունակություն է հայտնել Թեհրան կատարած այցի և Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հետ հանդիպման առթիվ։ Նա փոխանցել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի պաշտոնական ողջույնները և հաստատել է Հռոմի շահագրգռվածությունը Թեհրանի հետ կառուցողական երկխոսությանը շարունակման հարցում: