Իրանը Միացյալ Նահանգների դեմ հաղթաթուղթ ունի. The New York Times
Պենտագոնի պաշտոնյաները քննարկում են Իրանի պատասխան գործողությունների բոլոր հնարավոր տարբերակները, քանի որ ԱՄՆ նախագահ Թրամփը խորհրդավոր կերպով ակնարկել է իր անելիքների մասին՝ հայտարարելով, որ դեռ վերջնականապես չի որոշել, գրում է The New York Times-ը։
Իրանը պահպանում է ռազմածովային ուժերը և այլ հնարավորություններ, որոնք անհրաժեշտ կլինեն Հորմուզի նեղուցը փակելու համար։ Այդ քայլը կարող է կաշկանդել Պարսից ծոցում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի ցանկացած նավ, ասում են ԱՄՆ ռազմական պաշտոնյաները։
Բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները Սպիտակ տանը անցկացված հանդիպումների ժամանակ բարձրացրել են նման հնարավորությանը նախապատրաստվելու անհրաժեշտությունը, երբ իրանցի պաշտոնյաները սպառնացել են ականապատել նեղուցը, եթե Միացյալ Նահանգները միանա Իրանի վրա Իսրայելի հարձակումներին։
Չնայած Իրանի արձագանքելու կարողությունը լրջորեն վնասվել է, այն ունի ուժեղ նավատորմ։ Թեհրանը նաև բազմաթիվ ականներ ունի, որոնք իր նավատորմը կարող է տեղադրել Հորմուզի նեղուցում:
Պարսից ծոցը բաց օվկիանոսին կապող 90 մղոնանոց նեղ ջրային ճանապարհը կարևոր նավագնացության ուղի է։ Աշխարհի նավթի մեկ քառորդն անցնում է Պարսից ծոցով: