Իրանը չի պլանավորում նոր բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի հետ. աղբյուր
Թեհրանը չի պլանավորում նոր բանակցությունների փուլ անցկացնել ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով բանակցող պատվիրակությանը մոտ կանգնած անանուն աղբյուրին։
Նշվում է, որ աղբյուրը հաղորդել է, թե ամերիկյան պատվիրակությունը «փնտրում էր բանակցային սեղանից հեռանալու պատրվակ», ինչը վկայում է Վաշինգտոնի կողմից իր սպասումները նվազեցնելու անհամաձայնության մասին։
Բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգները, աղբյուրի խոսքով, պահանջել է զիջումներ, որոնց չի կարողացել հասնել ռազմական գործողությունների ընթացքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել էր, որ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանի հետ ուղիղ բանակցություններն ավարտվել են «առանց համաձայնության հասնելու»։ «Մենք արդեն 21 ժամ աշխատում ենք այս հարցի վրա և մի շարք կարևոր հանդիպումներ ենք ունեցել իրանցիների հետ։ Սա լավ լուր է։ Վատ լուրն այն է, որ մենք չկարողացանք համաձայնության գալ։ Կարծում եմ, որ սա վատ լուր է առաջին հերթին Իրանի, այլ ոչ թե Միացյալ Նահանգների համար։ Հետևաբար, մենք վերադառնում ենք Միացյալ Նահանգներ՝ առանց համաձայնության հասնելու»,-ասել է նա։
Հավելենք նաև, որ ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսլամաբադում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում ընդհանուր շրջանակային համաձայնագրի և համաձայնության բացակայությունը պայմանավորված էր ԱՄՆ չափազանցված պահանջներով։


