շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Իրանում ԶՈւ գլխավոր շտաբի և ԻՀՊԿ նոր ղեկավարներ են նշանակվել

Իրանում ԶՈւ գլխավոր շտաբի և ԻՀՊԿ նոր ղեկավարներ են նշանակվել

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին բանակի նախկին հրամանատար գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավիին նշանակել է Իրանի զինված ուժերի շտաբի նոր պետ հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի ​կողմից իրականացված ավիահարվածի հետևանքով զոհված բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերիի փոխարեն։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Բացի այդ, Ալի Խամենեին բրիգադային գեներալ Մոհամմադ Պակպուրին, որն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի նախկին հրամանատարն էր, նշանակել է ԻՀՊԿ-ի նոր գերագույն հրամանատար՝ այդ պաշտոնը զբաղեցնող գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի փոխարեն, որը զոհվել է իսրայելական հարձակման ժամանակ։

Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդի զոհվելուց հետո Ալի Խամենեին բրիգադային գեներալ Ալի Շադմանիին շնորհել է գեներալ-մայորի կոչում և վերջինիս նշանակել «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի նոր հրամանատար:

Ավելի վաղ Nournews գործակալությունը տեղեկացրել էր, թե Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ԻՀՊԿ նոր հրամանատար է նշանակել գեներալ Ահմադ Վահիդիին՝ իսրայելական հարվածներից զոհված Հոսեյն Սալամիի փոխարեն, իսկ Հանրապետության զինված ուժերի Գլխավոր շտաբի ժամանակավոր ղեկավար է նշանակվել Հաբիբոլլահ Սայարին՝ Մոհամմադ Բաքերիի զոհվելուց հետո:

 

  • Կիսվել: