Իրանում վերսկսվել է բոլոր օդանավակայանների աշխատանքը
Իրանի իշխանությունները հայտարարել են երկրի բոլոր օդանավակայանների լիարժեք աշխատանքի վերսկսման մասին՝ հունիսին 12-օրյա պատերազմի պատճառով մոտ երկու շաբաթ տևած ժամանակավոր դադարից հետո։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Վերջին օրերին պաշտոնական թույլտվություն էր տրվել Թավրիզի օդանավակայանի գործունեությունը վերսկսելու համար։ Սպահանի օդանավակայանը ևս շուտով կվերադառնա օդային տրանսպորտի ցանցին՝ վերականգնման աշխատանքների ավարտից հետո։
Հաղորդվում է, որ Թավրիզի և Սպահանի օդանավակայանները, որոնք լուրջ վնասներ էին կրել իսրայելական հարձակումների ժամանակ, վերականգնվել են 10 օրից էլ պակաս ժամանակում, վերանորոգվել են նաև թռիչքուղիները։
The Associated Press-ի փոխանցմամբ՝ Իրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանը 20-օրյա դադարից հետո ընդունել է իր առաջին արտասահմանյան չվերթը։
Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից վերջին օրերին տարածված հայտարարությունների համաձայն՝ Իրանի կենտրոնում և արևմուտքում գտնվող օդանավակայանները կաշխատեն առավոտյան ժամը 5։00-ից մինչև 18:00-ն, մինչդեռ արևելքում գտնվող օդանավակայանները կաշխատեն օրական 24 ժամ։
Այս ժամանակացույցը պայմանավորված է գիշերային ժամերին օդային տարածքի անվտանգության ապահովմամբ և երկրի օդային տարածքը պաշտպանելու համար ՀՕՊ ուժերին լիարժեք հնարավորություններ տրամադրելով։
Օդանավակայանների գործունեությունը դադարեցվել է հունիսի 13-ից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում։ Առաջին փուլում, ըստ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության տարածած հայտարարության, երկրի արևելյան կեսի օդային տարածքը բացվել է միջազգային տարանցիկ չվերթերի, ներքին և միջազգային չվերթերի համար։ Հաջորդող օրերին վերաբացվել է երկրի արևմտյան և կենտրոնական շրջանների օդային տարածքը։