երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Հրադադարի մասին հայտարարությունից հետո Իսրայելը և Իրանը հարվածներ են փոխանակել

Հրադադարի մասին հայտարարությունից հետո Իսրայելը և Իրանը հարվածներ են փոխանակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իսրայելի և Իրանի միջև հրադադարի ձեռք բերման մասին հայտարարությունից հետո Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է Իրանից արձակված հրթիռների մասին։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Նշվում է, որ Իրանը վեց հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Հարվածի է ենթարկվել Իսրայելի հարավում գտնվող Բիրշեբա քաղաքի բնակելի շենքերից մեկը։ Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 3 մարդ։ Բացի այդ, օդային տագնապի ազդանշաններ են հնչել Իսրայելի կենտրոնական և հարավային շրջաններում, բնակիչներին հորդորել են մնալ ապաստարաններում։ 

Թեհրանը ևս գիշերվա ընթացքում հարվածների է ենթարկվել։ Վկայակոչելով տեղի բնակիչներին՝ BBC-ն գրում է, որ մայրաքաղաքում պայթյուններ են լսվել։ Մինչ այդ Իսրայելը Թեհրանի որոշ հատվածների բնակիչներին երեք անգամ տարհանման մասին նախազգուշացում էր տվել։ Առավոտյան ժամը չորսին մոտ, ըստ BBC-ի, պայթյունները դադարել են։ Սա հենց այն ժամն էր, որը նշել էր Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին որպես վերջնաժամկետ Իսրայելի հարվածների դադարեցման և իրենց կողմից ռազմական գործողությունները չշարունակելու համար։

 

  • Կիսվել: