Իրանին միջուկային ծրագրից զրկելու ԱՄՆ-ի փորձերը հարվածի տակ կդնեն բոլոր բանակցությունները. Բաղայի
Իրանը պատրաստ է փոխզիջման գնալ իր միջուկային ծրագրի հարցով, սակայն Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններին լուրջ դժվարություններ կսպառնան, եթե Վաշինգտոնն իսկապես ցանկանում է զրկել Թեհրանին միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հնարավորությունից: Այս մասին մայիսի 26-ին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Եթե նպատակն է համոզվել, որ Իրանի միջուկային ծրագիրը չի ռազմականացվի, կարծում եմ, որ դա այն է, որ մենք հեշտությամբ կարող ենք անել։ Եթե նպատակն է իրանցիներին խաղաղ միջուկային էներգիայի իրավունքից զրկելը, ապա կարծում եմ, որ դա այնքան խնդրահարույց կլինի, որ կխաթարի ողջ գործընթացը», - ասել է նա։
Բաղային հավելել է, որ քաղաքական կամքի առկայության դեպքում «այնքան շատ ճանապարհներ» կան համաձայնության հասնելու համար։
Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը վստահեցրել է, որ երկիրը չի ենթարկվի որևէ արտաքին ճնշման։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի է ունեցել մայիսի 23-ին, Հռոմում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։