երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Իրանի նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հասել է 70-ի

Իրանի նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հասել է 70-ի

Իրանի Բենդեր Աբաս քաղաքի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի զոհերի թիվը հասել է 70-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի իշխանություններին։

Ըստ հրապարակման՝ Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին և Իրանի ազգային աղետների կառավարման կազմակերպության խոսնակ Հոսեյն Զաֆարին հաստատել են, որ հրդեհի մարման աշխատանքներն ավարտվել են։ Զաֆարին նաև հավելել է, որ պայթյունի հետևանքով վիրավորված 1072 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ 138 վիրավորներ դեռևս բուժում են ստանում։ Խոսնակը նշել է, որ մաքրման և փլվածքների հեռացման աշխատանքները կշարունակվեն առաջիկա օրերին։

Պայթյունը Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում, որն Իրանի ամենախոշոր կոնտեյներային հանգույցն է, որոտացել է ապրիլի 26-ին։ Վառելիքի լցանավի պայթյունի հետևանքով կոտրվել են ապակիներ մի քանի կմ հեռավորության վրա, պոկվել են բեռնարկղերի մետաղական հատվածները՝ մեծապես վնասելով ներսում գտնվող ապրանքները։

Ապրիլի 28-ն Իրանում սգո օր էր հայտարարվել։

Իրանի ներքին գործերի նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ պայթյունի պատճառը եղել է անփութությունը։

  • Կիսվել: