չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Իրանի նախագահը հույս ունի միասնության շնորհիվ դուրս գալ ստեղծված ճգնաժամից

Իրանի նախագահը հույս ունի միասնության շնորհիվ դուրս գալ ստեղծված ճգնաժամից

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախարարների կաբինետի նիստի ժամանակ հայտարարել է, որ ազգային միասնության շնորհիվ երկրին կհաջողվի դուրս գալ ներկայիս ճգնաժամից։ Այս մասին հաղորդում է SNN գործակալությունը:

«Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, ոչ մի խնդիր վտանգի տակ չի դնի երկիրը։ Հավատացած եմ, որ միասնության և միավորման հաշվին մեզ կհաջողվի հաղթահարել ճգնաժամը, որում մենք հայտնվել ենք, և շարունակել հաստատակամորեն առաջ շարժվել մեր ճանապարհով», - ասել է Փեզեշքիանը։

Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նա նաև կարգադրել է տարբեր նախարարությունների շարունակել փոխգործակցությունը տարբեր երկրների, հատկապես՝ հարևան երկրների հետ։

Ավելի վաղ ABC հեռուստաալիքը հաղորդել էր, որ ԱՄՆ-ում Իրանի հետ հակամարտությունում առաջիկա 24-48 ժամերը համարում են վճռորոշ՝ ակնարկելով հնարավոր ռազմական լուծման մասին, եթե դիվանագիտական ​լուծում ​չլինի։

Լույս հունիսի 13-ի գիշերն Իսրայելը գործողություն է սկսել Իրանի դեմ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն, ըստ իսրայելական կողմի, մոտեցել է «անդառնալի կետի»։ Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի հարվածների թիրախները դարձել են միջուկային օբյեկտները, գեներալական կազմը, նշանավոր միջուկագետ ֆիզիկոսները, ավիաբազաները, ՀՕՊ համակարգերը և «երկիր-երկիր» հրթիռները։ Հարվածների տակ են հայտնվել նաև բնակելի շենքեր։ Իրանը հունիսի 16-ին հայտնել է 224 զոհի մասին։

Իրանը, որը բազմիցս հերքել է միջուկային զենք ստեղծելու մտադրությունը, պատասխան հարվածներ է հասցրել հրթիռներով և անօդաչուներով։ Թեհրանը հարվածների թիրախ է նշում Իսրայելի ռազմական և ռազմաարդյունաբերական օբյեկտները։ Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից 24 զոհի մասին։

 

  • Կիսվել: