չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Իրանի միջուկային օբյեկտները գործում են բնականոն ռեժիմով․ Էսլամի

Իրանի միջուկային օբյեկտները գործում են բնականոն ռեժիմով․ Էսլամի

Իրանի միջուկային օբյեկտները գործում են բնականոն ռեժիմով։ Այս մասին հաղորդում է Tehran Times-ը՝ վկայակոչելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիին։

«Միջուկային օբյեկտներում պայմանները լավ են։ Մեր գործընկերների բարոյահոգեբանական վիճակը գերազանց է, և նրանք աշխատում են վճռական», - նշել է նա։

Ավելի վաղ Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտահերթ նիստում հայտարարել էր, որ Իրանը հատուկ միջոցներ է ձեռնարկել իր միջուկային օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար, որոնց մանրամասները կհաղորդվեն ԱԷՄԳ-ին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունն արդեն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ իր միջուկային սարքավորումներն ու նյութերը պաշտպանելու համար։ Ազգային անվտանգության նկատառումներին համապատասխան՝ միջոցառումների մասին տեղեկատվությունը պատշաճ ժամկետում կտրամադրվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը»,- Նաջաֆիի խոսքերը մեջբերվել են X-ում Իրանի մշտական ​​​​ներկայացուցչության պաշտոնական էջում։

Լույս հունիսի 13-ի գիշերն Իսրայելը գործողություն է սկսել Իրանի դեմ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն, ըստ իսրայելական կողմի, մոտեցել է «անդառնալի կետի»։ Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի հարվածների թիրախները դարձել են միջուկային օբյեկտները, գեներալական կազմը, նշանավոր միջուկագետ ֆիզիկոսները, ավիաբազաները, ՀՕՊ համակարգերը և «երկիր-երկիր» հրթիռները։ Հարվածների տակ են հայտնվել նաև բնակելի շենքեր։ Իրանը հունիսի 16-ին հայտնել է 224 զոհի մասին։

Իրանը, որը բազմիցս հերքել է միջուկային զենք ստեղծելու մտադրությունը, պատասխան հարվածներ է հասցրել հրթիռներով և անօդաչուներով։ Թեհրանը հարվածների թիրախ է նշում Իսրայելի ռազմական և ռազմաարդյունաբերական օբյեկտները։ Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից 24 զոհի մասին։

 

  • Կիսվել: