Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում. Թրամփ
Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում։ Այս մասին Խաղաղության խորհրդի առաջին նիստի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա, մասնավորապես, ասել է. «Հնարավոր է՝ մենք գործարք կնքենք (Իրանի հետ-խմբ.)։ Դուք այդ մասին կիմանաք հավանաբար առաջիկա 10 օրվա ընթացքում»։
ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ զգուշացրել է, որ կարող են «շատ վատ բաներ» տեղի ունենալ, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին։
«Ինչպես գիտեք՝ լավ բանակցություններ են ընթանում։ Անցած տարիների ընթացքում ապացուցվել է, որ Իրանի հետ նշանակալի գործարք կնքելը հեշտ չէ։ Մենք պետք է նշանակալի գործարք կնքենք, այլապես վատ բաներ տեղի կունենան»,-նշել է Թրամփը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրանական միջուկային խնդրի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել Օմանի միջնորդությամբ՝ փետրվարի 17-ին Ժնևում:
Բանակցություններից հետո ԻԻՀ ԱԳՆ Աբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կաշխատեն այն տեքստերի վրա, որոնք կարող են դրվել հնարավոր պայմանավորվածության հիմքում:


