Հութիները հայտնել են Բաբ էլ-Մանդեբի նեղուց տանող մատույցներն իրենց վերահսկողության տակ առնելու մասին
Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը կայծակնային ռազմական գործողության արդյունքում իր վերահսկողության տակ է առել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ողջ մերձափնյա շրջանը և հարակից ռազմավարական կղզիները, Կարմիր ծովի արևմտյան ափը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է շարժման քաղբյուրոյի անդամ Խուզամ ալ Ասադը։
Ըստ Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության և տեղական աղբյուրների՝ հութի ապստամբները գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող Մոխա և Դուբաբ նավահանգստային քաղաքները, ինչպես նաև նեղուցի հենց կենտրոնում գտնվող Պերիմ (Մայուն) կղզին։ Այս առաջխաղացմամբ նրանք փաստացիորեն լիակատար վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի երկայնքով ձգվող Եմենի ողջ ափամերձ գոտու նկատմամբ։
Նշվում է, որ քանի որ Իրանի հետ հակամարտության պատճառով Հորմուզի նեղուցը փակ է, Սաուդյան Արաբիան իր նավթի արտահանման համար հիմնականում հենվում էր Կարմիր ծովի այս երթուղու վրա։
Բաբ էլ-Մանդեբի նկատմամբ հութիների վերահսկողության հաստատումից հետո համաշխարհային շուկայում նավթի գինը գերազանցել է 100 դոլարը՝ հասնելով մոտ 108 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:


