Հնդկաստանը կվերսկսի Պակիստանի սահմանին գտնվող օդանավակայանների աշխատանքը
Հնդկաստանի իշխանությունները որոշել են վերսկսել Պակիստանի հետ սահմանի մոտ գտնվող օդանավակայանների աշխատանքը, որոնք ավելի վաղ փակվել էին երկու երկրի միջև լարվածության սրման ֆոնին, տեղեկացնում է Hindustan Times:
Նշվում է, որ Հնդկաստանի իշխանությունները հայտարարել էին տասնյակ օդանավակայանների փակման մասին մինչև մայիսի 15-ը:
Ըստ աղբյուրի՝ հրամանը վերաբերում է 32 օդային հանգրվանի։ Hindustan Times-ը հավելել է, որ մի քանի օդանավակայան արդեն սկսել է չվերթերի ընդունումն ու ուղարկումը: Ավելի վաղ Իսլամաբադն էր հայտնել, որ երկրի օդային տարածքը լրիվ բաց է բոլոր տեսակի թռիչքների համար։
Մայիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարն էլ ավելի ուշ հաստատել է տեղեկատվությունը։
Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունները սրվել են, երբ ապրիլի 22-ին Ջամու և Քաշմիրի Փահալգամ քաղաքում մի խումբ զինյալներ հարձակվել են զբոսաշրջիկների վրա, ինչի հետևանքով 26 մարդ է զոհվել։ Նյու Դելին հարձակման համար մեղադրել է Պակիստանին։