շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հնդկաստանում կոչ են անում. «Թուրքիայի փոխարեն գնացեք Հունաստան»

Հնդկաստանում կոչ են անում. «Թուրքիայի փոխարեն գնացեք Հունաստան»

Հնդկական լրատվամիջոցներում տարածվող հրապարակումների համաձայն՝ վարչապետ Նարենդրա Մոդին դժգոհ է Թուրքիայից, քանի որ վերջինս աջակցություն է ցուցաբերում Պակիստանին, գրում է ermenihaber.am-ը:

Այդ դժգոհության ֆոնին Հնդկաստանում սկսվել է «Բոյկոտենք թուրքական տուրիզմը» կոչով քարոզարշավ։

Հնդկական աղբյուրների տեղեկացմամբ՝ արդեն չեղարկվել են Թուրքիա կատարվելիք զբոսաշրջային ամրագրումները։ Հիշեցվում է, որ 2024-ին Թուրքիա էր մեկնել շուրջ 330.000 հնդիկ զբոսաշրջիկ, որոնց կատարած ծախսերը կազմել էին ընդհանուր առմամբ 3.5 մլրդ թուրքական լիրա։ Դա համարժեք է 90 մլն դոլարին։

Հնդիկ տնտեսագետները պնդում են, որ Հնդկաստանի իշխանությունները մտադիր են 15 տոկոսով կրճատել Թուրքիայի հետ ունեցած առևտրաշրջանառությունը, որի ծավալը տարեկան կազմում է շուրջ 13 մլրդ դոլար։ Միևնույն ժամանակ սկսել են շրջանառվել Հունաստանի տուրիստական գովազդները՝ «Թուրքիայի փոխարեն գնացեք Հունաստան» կոչերով։

Նշենք նաև, որ թուրքական մամուլում էլ ընդգծվում է, թե Հնդկաստան-Պակիստան վերջին լարվածության ընթացքում Հունաստանը կանգնել էր Հնդկաստանի կողքին՝ երկու երկրների փոխհարաբերությունները որակելով ռազմավարական:

 

  • Կիսվել: