ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հնդկաստանն ու Պակիստանը կերկարաձգեն հրադադարի ռեժիմը մինչև մայիսի 18-ը

Հնդկաստանն ու Պակիստանը կերկարաձգեն հրադադարի ռեժիմը մինչև մայիսի 18-ը

Հնդկաստանն ու Պակիստանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարի ռեժիմը մինչև մայիսի 18-ը: Այս մասին հայտնել է Պակիստանի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա խորհրդարանում հայտարարել է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 14-ին՝ երկու երկրների ռազմական գործողությունների հրամանատարների հեռախոսազրույցի ժամանակ:

Դարը հիշեցրել է, որ առաջին նմանատիպ խոսակցությունը կայացել է մայիսի 10-ին։
«Մայիսի 14-ի բանակցությունները հանգեցրին հրադադարի երկարաձգմանը մինչև մայիսի 18-ը»,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացան Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվեցին Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, բազմաթիվ մարդիկ վնասվածքներ ստացան։ Հնդկաստանը հայտարարեց, որ իր հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքեց մեղադրանքները:
Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ի պատասխան Պահալգամի ահաբեկչության` իրականացրել է «Սինդուր» գործողություն՝ հարված հասցնելով Պակիստանի տարածքում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքին»:

Գերատեսչությունը հայտարարեց, որ գործողության շրջանակում Պակիստանի ոչ մի ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել: Պակիստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարեցին, որ Հնդկաստանը հարձակվել է պակիստանյան հինգ բնակավայրերի վրա, հարվածների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Իսլամաբադն իրեն համարժեք պատասխան տալու իրավունք է վերապահում:

  • Կիսվել: