Հնդկաստանի պաշտպանության նախարարը ԱԷՄԳ-ին կոչ է արել վերահսկողության տակ վերցնել Պակիստանի միջուկային զինանոցը
Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը հայտարարել է, որ Պակիստանի միջուկային զինանոցը պետք է վերահսկվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Կարծում եմ, որ Պակիստանի միջուկային զենքը պետք է լինի ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո», - ասել է Սինգհը Ջամու և Քաշմիր նահանգի Սրինագար քաղաքում ելույթի ժամանակ։
Հնդկական The Indian Express հրատարակությունն իր հերթին նշում է, որ Պակիստանի միջուկային օբյեկտներից մեկում արտահոսքի մասին որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը չի հաստատվել ԱԷՄԳ-ի կողմից։
«Մեր տեղեկությունների համաձայն՝ միջուկային օբյեկտներից ոչ մեկում արտահոսք կամ արտանետում չի հայտնաբերվել», - նշել են գործակալությունում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Պակիստանում ռադիոակտիվ նյութերի արտահոսքի մասին՝ «Սինդուր» գործողության ընթացքում Հնդկաստանի օդային հարվածներից հետո: Հնդկաստանի իշխանությունները հերքել են հարվածները միջուկային օբյեկտներին:
Ապրիլի 22-ին Ջամու և Քաշմիրի Պահալգամ քաղաքում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 26 մարդ։ Հնդկաստանը Պակիստանին մեղադրել է այդ հարձակմանն առնչության մեջ և մայիսի 7-ի գիշերն իրականացել «Սինդուր» գործողությունը՝ օդային հարվածներ հասցնելով Պակիստանում և Քաշմիրի՝ Պակիստանի կողմից վերահսկվող հատվածում գտնվող թիրախների։ Պակիստանի ուժերը պատասխան հարվածներ են հասցրել։
Մի քանի օրվա փոխադարձ հարվածներից հետո՝ մայիսի 10-ին, ԱՄՆ նախագահի միջնորդությամբ կողմերը համաձայնել են հրադադարի։