Հնդկաստանի նախագահին և վարչապետին ցնցել է տեղի ունեցած ավիավթարը
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վշտացած է Ահմեդաբադում տեղի ունեցած ավիաաղետից, որի հետևանքով, ըստ ԶԼՄ-ների, զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 242 ուղևորները և անձնակազմի անդամները։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«Ահմեդաբադում տեղի ունեցած ողբերգությունը մեզ ցնցել և վշտացրել է։ Այն անբացատրելի սրտաճմլիկ է։ Այս տխուր պահին իմ մտքերը բոլոր տուժածների հետ են։ Կապի մեջ եմ նախարարների և իշխանությունների հետ, որոնք աշխատում են տուժածներին օգնելու համար», - նշել է նա։
Իր հերթին Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուն X հարթակում գրառման մեջ իր ափսոսանքն ու զորակցությունն է հայտնել տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։
«Խորապես վշտացած եմ Ահմեդաբադում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի լուրից։ Դա սիրտ խոցող աղետ է։ Իմ մտքերն ու աղոթքները տուժածների հետ են։ Ազգը նրանց կողքին է այս աննկարագրելի վշտի ժամին», - նշել է նախագահը։
Air India ավիաընկերության մարդատար ինքնաթիռն Ահմեդաբադից վերելք է կատարել տեղական ժամանակով 13։38-ին և ուղղություն վերցրել դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան, ուր պետք է ժամաներ տեղական ժամանակով 18։25-ին։ Րոպեներ անց ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռից դադարել են տվյալներ ստանալ, երբ այն գտնվում էր 190 մ բարձրության վրա։ Օդանավում գտնվել է 230 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։ Air India ավիաընկերությունը X սոցիալական հարթակում հաղորդել է, որ օդանավում գտնվող ուղևորների թվում էր 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի, 1 կանադացի։