Հինգ պետություն պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի երկու նախարարի նկատմամբ
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Կանադան, Նոր Զելանդիան և Նորվեգիան պատժամիջոցներ են սահմանել Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի և երկրի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի նկատմամբ: Պատճառը «Արևմտյան ափին պաղեստինցիների դեմ բռնության հրահրումն» է, հաղորդել են միջազգային ԶԼՄ-ները։
Փաստաթղթի հեղինակները դատապարտել են Գազայի հատվածում կամ Արևմտյան ափին պաղեստինցիների բռնի տեղահանման և նոր իսրայելական բնակավայրերի ստեղծման վերաբերյալ երկու նախարարի ծայրահեղական հռետորաբանությունը:
«Մենք հաստատակամորեն հավատարիմ ենք երկու պետության ստեղծմանը, որն իսրայելցիների և պաղեստինցիների անվտանգությունն ու արժանապատվությունը երաշխավորելու և տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն ապահովելու միակ միջոցն է»,- ասված է երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է նաև Միացյալ Թագավորության ԱԳՆ կայքում:
Նրանք կոչ են արել Իսրայելի կառավարությանը «պահպանել իր պարտավորությունները միջազգային իրավունքի շրջանակներում և ձեռնարկել էական քայլեր՝ ծայրահեղական, բռնի և նվաճողական խոսույթը դադարեցնելու համար»։
Միաժամանակ, հայտարարության մեջ ընդգծվում է, որ Միացյալ Թագավորությունը, Ավստրալիան, Կանադան, Նոր Զելանդիան և Նորվեգիան դարձյալ իրենց «անսասան աջակցությունն են հայտնում Իսրայելի անվտանգությանը» և դատապարտում արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված սարսափելի ահաբեկչական հարձակումը։