Հեզբոլլահը դրա համար ծանր գին կվճարի. Նեթանյահուն՝ Գոլանի բարձունքների վրա հրթիռային հարձակման մասին
Իսրայելը թույլ չի տա, որ Մաջդալ Շամսի սպանությունը «լուռ անցնի»: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, երբ անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները խորհրդակցել են մահացու հրթիռային հարվածից հետո, որի հետևանքով առնվազն 12 երիտասարդ է զոհվել օկուպացված Գոլանի բարձունքներում գտնվող դրուզներով բնակեցված քաղաքում, տեղեկացնում է Times of Israel-ը:
Նշվում է, որ մահացու հարվածից հետո Նեթանյահուն զրուցել է Իսրայելի դրուզների համայնքի հոգևոր առաջնորդ Շեյխ Մուաֆակ Թարիֆի հետ և ասել, որ Իսրայելը «ձեռքերը ծալած չի նստի»։
Իսրայելի անվտանգության որոշումներ կայացնող կաբինետի նիստը պետք է տեղի ունենար կիրակի օրը կեսօրին տեղական ժամանակով:
Հարձակումից անմիջապես հետո պաշտպանության նախարար Յոավ Գալանտը բարձրաստիճան զինվորականների և անվտանգության պաշտոնյաներին տեղեկացրել է Հեզբոլլահի դեմ Իսրայելի գործողությունների տարբերակների մասին:
Հանդիպմանը մասնակցել են Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերզի Հալևին, «Շին Բեթ»-ի ղեկավար Ռոնեն Բարը և «Մոսադ»-ի ղեկավար Դեյվիդ Բարնեան, ինչպես նաև այլ պաշտոնյաներ:
Գալանտը հայտնել է, որ խոսել է Թարիֆի հետ՝ «կիսելու այն մեծ վիշտը, որը պատել է դրուզների համայնքին և ողջ Իսրայելի ժողովրդին»։ Դրուզների հոգեւոր առաջնորդի հետ զրույցում նա խոստացել է, որ Իսրայելը «ուժեղ հարված կհասցնի թշնամուն»։
Իր հերթին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հերքել է իր առնչությունը հարձակմանը: