ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե չի կարող լինել. Խանդանյանը՝ Գալուզինի հայտարարության մասին
Առաջիկա ամիսներին Հայաստանում չի կարող անցկացվել հանրաքվե մի հարցի շուրջ, որը երկրում չի քննարկվել։ Այս մասին օգոստոսի 11-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ մեկնաբանելով ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հանրաքվեի մասին խոսակցությունները։
Պատգամավորը ընդգծեց, որ Հայաստանը ԵԱՏՄ–ի լիիրավ անդամ է, և մոտ ժամանակում նրա կարգավիճակը չի փոխվի. «Հայաստանը ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ է, և առաջիկա ամիսներին մեր մասնակցությունը կշարունակվի թե՛ քաղաքական հարթությունում, թե՛ ֆինանսական միջոցների ծավալի առումով։ Հայաստանի անդամակցությունը բխում է ինչպես մեր երկրի, այնպես էլ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների շահերից»։
Միևնույն ժամանակ Խանդանյանը պարզաբանել է, որ Եվրամիության հետ մերձեցման գործընթացը ներքին բնույթ է կրում։ «Մեզ համար ԵՄ-ի հետ ինտեգրման գործընթացը ներքին բարեփոխումների գործընթաց է։ Կներկայացնե՞նք արդյոք ԵՄ անդամակցության հայտ, թե՞ ոչ, մենք հասկանում ենք, որ այս գործընթացը հնարավորություն է տալիս մեր տնտեսավարող սուբյեկտներին իրենց չափանիշները համապատասխանեցնել եվրոպական շուկաներին»,- պարզաբանել է նա։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի թեմային՝ պատգամավորը նշել է, որ չի տեսնում ակտիվ աշխատանքի վերադառնալու հիմքեր. «Չեմ կարծում, որ կա պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Դուք գիտեք, թե ինչ խնդիրների պատճառով Հայաստանը սառեցրել է անդամակցությունը, և այդ խնդիրները մինչ օրս պահպանվում են»։
Խոսելով Վերին Լարսում ապրանքների արտահանման հետ կապված խնդիրների մասին՝ Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ դրանք քաղաքական բնույթ չեն կրում, և հավաստիացրել է, որ Կառավարությունը գործընկերների հետ աշխատում է բիզնեսի կորուստները նվազեցնելու ուղղությամբ։ Անդրադառնալով TRIPP նախագծին և Իրանի հետ հարաբերություններին՝ իշխող կուսակցության պատգամավորը ընդգծել է, որ ծրագիրն անցնում է գործնական փուլ, իսկ իրանական կողմի հետ կա լիակատար փոխըմբռնում։



