երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
ԱԺ իշխող խմբակցությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը

ԱԺ իշխող խմբակցությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Արուսյակ Ջուլհակյանին: Նրան խորհրդարանում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Արուսյակ Ջուլհակյանը ծնվել է 1983 թվականին Երևանում։ 1999-2005 թվականներին սովորել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ «պետական և մունիցիպալ կառավարում» մասնագիտությամբ, ստացել է հանրային կառավարման մագիստրոսի աստիճան։ Սովորել է նաև Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ «մարդու իրավունքներ» մասնագիտացմամբ, համագործակցել է Լեհաստանի Մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամի հետ։

2005-2013 թվականներին իրավագիտություն է դասավանդել ԵՊՃՀ-ում, իսկ 2007-2009 թվականներին՝ Տնտեսագիտության և իրավագիտության համալսարանում։ 2011-2014 թվականներին աշխատել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեում՝ նախ որպես օգնական, ապա՝ իրավական փորձագետ։

2015-2018 թվականերին եղել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբանայկան թիմի անդամ՝ մասնակցելով այդ տարիներին ՀՀ-ում անցկացված սահմանադրական հանրաքվեի խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման կազմակերպմանը, դիտորդների վերապատրաստմանը և հետընտրական բողոքարկումներին:

2015-2018 թվականներին ներգրավված է եղել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ընտրությունների դիտարկման ծրագրերում որպես իրավաբան։ Մասնակցել է նաև միջազգային դիտորդական առաքելությունների, իսկ 2018 թվականին՝ «ԱՄՆ ընտրական գործընթացներ» ծրագրին։

2018 թվականին համահիմնադրել է «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը»։ 2018-2019 թվականներին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կողմից ընտրվել է Երևանի ավագանու անդամ։ 2019 թվականից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է։ Եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ապա՝ նախագահ։ Արուսյակ Ջուլհակյանն ամուսնացած է:

Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց, որ պատրաստ է աշխատել բոլոր խմբակցությունների պատգամավորների հետ՝ անկախ նրանց քաղաքական դիրքորոշումից, քանի որ իրավական պետության կայացումը վեր է կուսակցական շահերից։

«Հանձնաժողովը պետք է դառնա քաղաքական և մասնագիտական այն հարթակը, որտեղ կձևավորվեն ՀՀ նոր սահմանադրական ապագայի հիմքերը։ Բայց մենք չենք կարող խոսել նոր Սահմանադրության մասին՝ առանց պատասխանելու մեկ հիմնարար հարցի՝ ի՞նչ պետություն ենք կառուցում, ի՞նչ պետություն ենք ուզում փոխանցել մեր երեխաներին, ի՞նչ սկզբունքների վրա պետք է հիմնված լինի ՀՀ հաջորդ փուլը։

Պատասխանը հստակ է․ մենք կառուցում ենք իրավական պետություն, որտեղ ոչ ոք օրենքից վեր չէ և չպետք է լինի, իրավական պետություն, որտեղ իշխանությունն իրականացվում է ոչ թե անձերի, այլ ինստիտուտների միջոցով, որտեղ պետական իշխանությունը հաշվետու է ժողովրդին, դատարանը ենթարկվում է Սահմանադրությանը և օրենքին»,- ասաց նա։

  • Կիսվել: