Հակաիրանական պատժամիջոցները պետք է վերացվեն. Բաղաեի
Իրանն ամերիկյան կողմից Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքի շրջանակում հակաիրանական պատժամիջոցների վերացման վերաբերյալ որևէ պարզաբանում չի ստացել: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին։
«Մենք պետք է վստահ լինենք, որ Իրանի ժողովրդի նկատմամբ սահմանված խիստ պատժամիջոցներն իսկապես կվերացվեն տնտեսական, բանկային և առևտրային ոլորտներում: Անցյալի բացասական փորձը չպետք է կրկնվի»,- ասել է դիվանագետը:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆն Իրանի իշխանություններին է ուղարկել միջուկային ծրագրի վերաբերյալ մանրամասն և, Վաշինգտոնի կարծիքով, ընդունելի առաջարկ:
Լևիթն անցած շաբաթ Ազգային անվտանգության խորհրդի, ֆինանսների նախարարության և պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներին տեղեկացրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման գործընթացը դադարեցնելու մասին, հաղորդում է The Wall Street Journal-ը: Թերթը, վկայակոչելով իր աղբյուրին, գրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանի վրա «առավելագույն ճնշում» գործադրելու քաղաքականությունը կանգ է առել:
Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելին WSJ-ի հետ զրույցում չի հերքել այդ տեղեկությունը և հայտարարել է, որ պատժամիջոցների վերաբերյալ բոլոր նոր որոշումների մասին կհայտարարեն կամ նախագահի վարչակազմը, կամ «համապատասխան գերատեսչությունները»: