Գրոսին ողջունել է Իրանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ողջունել է Իրանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գրոսին գրառում է կատարել X սոցիալական հարթակում։
«Ես ողջունում եմ Իրանի իրադրության վերաբերյալ հայտարարությունները: ԱԷՄԳ-ի հետ համագործակցության վերսկսումը հաջող համաձայնագրի բանալին է։ Ես գրել եմ (խմբ.՝ Իրանի ԱԳ նախարար) Արաղչիին՝ ընդգծելով, որ այս քայլը կարող է հանգեցնել միջուկային ծրագրի շուրջ երկարատև վեճի դիվանագիտական լուծման, և առաջարկել եմ հանդիպել շուտով», – գրել է նա։
Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ Իրանը խախտել է հրադադարը: Հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը խոստացել էր պատասխանել՝ հարվածներ հասցնելով Թեհրանի սրտին: Իրանը, սակայն, հերքել է Իսրայելի հետ հրադադարը խախտելու մասին մեղադրանքները: