Ղազախստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին ենթադրում է զգոնություն ՆԱՏՕ-ի հետ շփումների հարցում. Զախարովա
Մոսկվան կասկած չունի, որ Ղազախստանը նպատակադրված է պարտավորությունների հետագա կատարմանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում, բայց մասնակցությունը դրան ենթադրում է զգոնություն ՆԱՏՕ-ի հետ շփումների հարցում:
Այդ մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ Ղազախստանի կողմից Մեծ Բրիտանիայի հետ ռազմական համագործակցության պլանի ստորագրման կապակցությամբ:
«Ցանկանում եմ ընդգծել մեկ բան. մենք կասկածներ չունենք Ղազախստանի կողմից ՀԱՊԿ-ի շրջանակներում իր դաշնակցային պարտավորությունների հետագա կատարման, ինչպես նաև ի շահ տարածաշրջանային անվտանգության ապահովման կազմակերպության գործունեությանը կառուցողական մասնակցության վերաբերյալ, ինչը ենթադրում է անհրաժեշտ զգոնություն ՆԱՏՕ-ի երկրների հետ շփումների հարցում: Դա, մասնավորապես, հաստատվել է մայիսի 28-ին Բիշքեկում կայացած ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք կարևոր փաստաթղթեր՝ ուղղված միավորման գծով ռազմական համագործակցության հետագա խորացմանը», - դիվանագետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
Զախարովան հավելել է, որ Մոսկվայի սկզբունքներին դեմ է մեկնաբանություններ տալ օտարերկրյա պետությունների երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի վերաբերյալ:
Ավելի վաղ Ղազախստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2025-2026 թվականների ռազմական համագործակցության ծրագիր: