ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար

Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար

Գերմանիայի ռազմածովային ուժերի երկու նավ ուղևորվում են Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելությանը մասնակցելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ ժամանելով Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների պլանային հանդիպմանը:

«Կարող եմ միանգամից սկսել լավ լուրից. մինչ ես այստեղ խոսում եմ, մեր Fulda ականորս նավը և Mosel օժանդակ նավը շարժվում են Սուեզի ջրանցքով Կարմիր ծովի ուղղությամբ», - Պիստորիուսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նա պարզաբանել է, որ դրանք կտեղափոխվեն այնտեղ՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելությանը մասնակցելու նախապատրաստական ​​դիրք զբաղեցնելու համար:

«Մենք ցանկանում ենք արագ գործել և գտնվել Հորմուզի նեղուցում, եթե դա պահանջվի և իրականություն դառնա», - նշել է նախարարը:

Պիստորիուսը բացատրել է, որ նավերի տեղաշարժերի համար Բունդեսթագի հատուկ մանդատ չի պահանջվում, քանի որ դա տեղի է ունենում ԵՄ-ի Aspides առաքելության շրջանակներում:

«Երբ պայմանները պարզաբանվեն, մենք կդիմենք Բունդեսթագին և կխնդրենք նրա մանդատը», - նշել է նա:

Նախարարի խոսքով՝ առայժմ պարզ չէ, թե երբ դա տեղի կունենա։

«Հորմուզի նեղուցում (առաքելության) համար մենք կարիք ումենք  հստակ միջազգային-իրավական շրջանակների, որոնք կարող են ունենալ  տարբեր ձևեր», - հայտարարել է Պիստորիուսը՝ հավելելով, որ անհրաժեշտ է նաև Իրանի և Օմանի հավանությունը։

«Շատ բան կախված է այն բանից, թե ինչպես կընթանան Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն առաջիկա 60 օրվա ընթացքում, - ընդգծել է  պաշտպանության նախարարը։ - Ամեն դեպքում մենք պատրաստ ենք»։

Ավելի վաղ Der Spiegel հանդեսը հայտնել էր, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստել է բանաձևի տեքստ Հորմուզի նեղուցում առաքելությանը Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժերի) հնարավոր մասնակցության վերաբերյալ, որը կներկայացվի Բունդեսթագ՝ համապատասխան մանդատ ստանալու համար:

 

  • Կիսվել: